Մշակույթ

Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը 300 գիրք նվիրեց ԵՊՀ-ին

2 րոպեի ընթերցում

Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը 300 գիրք նվիրեց ԵՊՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը («Дом русского зарубежья») 300 անուն գիրք նվիրեց Երևանի պետական համալսարանին: Տարաբնույթ թեմաներ ընդգրկող գրքերի հանձնումը ԵՊՀ-ին տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին:

«Մեզ համար մեծ պատիվ ու ուրախություն է այստեղ ընդունել Սոլժենիցինի անվան կենտրոնի աշխատակիցներին, որոնք այդքան բան են անում մեծ գրողի հիշատակի պահպանման և բարձր գաղափարները տարածելու համար: Մենք շնորհակալությամբ ընդունում ենք ձեր նվերը` 300 գիրքը: Հետագա համագործակցության ակնկալիք ունենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ուգարովը տեղեկացրեց, որ գրքերի թիվը համեմատաբար քիչ է:«Բայց մենք մանրակրկիտ ձևով ընտրել ենք դրանք: Հիմնականում պատմությանը, փիլիսոփայությանը, մշակութաբանությանը, գրականագիտությանն առնչվող, ինչպես նաև ռուսերեն ուսումնասիրողների համար գրքեր են: Ներկայացված են ոչ միայն մեր` «Ռուսական ճանապարհ» կոչվող հրատարակչության, այլև Ռուսաստանի մոտ 40 հրատարակությունների գրքեր: Հույս ունենք, որ դրանք հետաքրքիր կլինեն ուսանողների և դասախոսների համար»,- ընդգծեց նա:

Վլադիմիր Ուգարովը շեշտեց, որ գրքեր նվիրաբերելու ծրագիրն առաջին անգամ չէ իրականացվում, և իրենք ամեն տարի ռուսերեն գրականություն են տրամադրում արտասահմանյան բուհերին, գրադարաններին:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և մշակույթիռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն էլ նշեց, որ ուրախ է մասնակցել գրքերի փոխանցման արարողությանը` շեշտելով, որ լավ գրականությունը շատ չի լինում: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Սոլժենիցինի անվան կենտրոնի գործունեությանն առնչվող ֆիլմ:

Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական կենտրոնը («Дом русского зарубежья») հիմնադրվել է 1995 թվականին: 2009 թվականից գրադարան-հիմնադրամ կառույցը կրում է Ալեքսանդր Սոլժենիցինի անունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում