Հասարակական

Հայ ժողովուրդը քաջ գիտի գինը նահատակության. Գարեգին Բ կաթողիկոսը օրհնության խոսք է հղել կաթողիկե եկեղեցու բացմանը

5 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը քաջ գիտի գինը նահատակության. Գարեգին Բ կաթողիկոսը օրհնության խոսք է հղել կաթողիկե եկեղեցու բացմանը

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մտահոգիչ է համարում, որ ներկայում էլ շարունակվում են հալածանքները քրիստոնյաների հանդեպ՝ հազարավոր անմեղ մարդիկ զոհ են դառնում, ավերվում ու ոչնչացվում են քրիստոնեական սրբավայրերը. դա արդի քրիստոնեության առջև ծառացած փորձությունների նոր մարտահրավեր է: Այս մասին նշվել է Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքում, որն ընթերցեց Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք Ձեզ և հղում հայրապետական ողջույններն ու բարեմաղթանքերը: Այսօր ուրախակից ենք Գյումրիի հայ կաթողիկե համայնքին, որ հոգևոր մխիթարության օրեր է ապրում իր նորակառույց եկեղեցու նվիրական օծման առիթով: Եկեղեցին կոչվեց Սրբոց Նահատակաց` ի պատիվ քրիստոնեության պատմության ընթացքում նահատակվածների, ովքեր չարի փորձությունների ու դժվարությունների մեջ անսասան պահեցին իրենց հավատքը և իրենց կյանքը ընծայեցին Տեր Հիսուս Քրիստոսին: Հայ ժողովուրդը քաջ գիտի գինը նահատակության: Ահավասիկ, այս պահին մենք ոգեկոչում ենք 100-րդ տարելիցը Հայոց ցեղասպանության՝ խոնարհում բերելով Օսմանյան Թուրքիայում իրականացված անասելի եղեռնագործության մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, որոնք հավատքի նահատակներ դարձան՝ իրենց կյանքը զոհաբերելով Քրիստոսի ու հայրենյաց սիրո համար և Առաքելական սուրբ եկեղեցու կողմից կարգվելով սրբոց դասում, որպես խաղաղության, արդարության ու մարդասիրության բարեխոսներ: Մխիթարություն է ազգիս համար, որ Քրիստոսի եղբայրության ոգով, Ցեղասպանության անմեղ նահատակների համար աղոթեցին և էկումենիկ արարողություններ կազմակերպեցին քույր եկեղեցիները նաև Կաթոլիկ եկեղեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ, ով սուրբ պատարագ մատուցեց Սուրբ Պետրոսի տաճարում և աշխարհին ուղղված կոչով դատապարտեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունն՝ իր զորակցությունը բերելով Հայաստանյաց եկեղեցուն և աստվածասեր հայ ժողովրդին: Ցավալի է, որ այսօր էլ շարունակվում են հալածանքները քրիստոնյաների հանդեպ՝ հազարավոր անմեղ մարդիկ զոհ են դառնում, ավերվում ու ոչնչացվում են քրիստոնեական սրբավայրերը: Դա արդի քրիստոնեության առջև ծառացած փորձությունների նոր մարտահրավեր է՝ Քրիստոսի եկեղեցու համար զորացնելու միասնականությունը` հանուն ամբողջ աշխարհի քրիստոնեական հավատքի:

Մեզ համար գոհունակություն է, որ հատկապես վերջին տասնամյակում խորանում են հարաբերությունները հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների միջև: Մեր եղբայրական սիրո ողջույնն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր հոգևոր եղբորը՝ Ֆրանցիսկոս պապին: Թող առավել պայծառանա Կաթոլիկ եկեղեցին և շարունակի ծաղկել՝ հանուն քրիստոնեական հավատքի և ժողովորդների խաղաղության ու համերաշխության: Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման առթով մեր բարեմաղթանքներն ենք բերում Գերապատիվ կարդինալ Լեոնարդո Սանդրիին և Հոգևոր Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Պատրիարքին, բարձրապատիվ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին և հայ Կաթողիկե համայնքին՝ հայցելով Բարձրյալ Աստծո շնորհները: Հայրապետական Մեր օրհությունն ու գնահատականն ենք հղում Գերշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Շիրակ աշխարհի հոգևոր զավակներին: Թող Տերն իր սուրբ խաչի շնորհիվ պահպանի ձեզ ամենքիդ և պարգևի աստվածահաճ գործերին նորանոր հաջողություններ»:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում