Հասարակական

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին. Գարեգին Բ կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին. Գարեգին Բ կաթողիկոս

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, ուղերձում ասված է.«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:

Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենվեր գործերով շենացնելու մեր երկիրը և այս տոնի պանծալի խորհրդով միշտ նորոգ պահելու մեր ուխտը առ հայրենին՝ ունկնդիր աստվածաշնչյան խոսքին, թե` ամենքս կոչված ենք ազատության և սիրով միմյանց ծառայելու (Գաղ. 5:13):

Մեր աղոթքն է, որ Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո միշտ անվրդով ու խաղաղ պահի մեր հայրենիքը և առատապես օրհնի, զորակից ու օգնական լինի հավատավոր մեր ժողովրդին՝ արգասավորելով հանուն մեր երկրի հզորացման բոլոր ջանքերը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում