Ղարաբաղյան հիմնահարց

ԼՂՀ ՊՆ. Շփման գծում հետագա սրացումների և դրանց հետևանքների պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա

3 րոպեի ընթերցում

ԼՂՀ ՊՆ. Շփման գծում հետագա սրացումների և դրանց հետևանքների պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նշվում է, որ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարությունները ասվածի վկայությունն են:

«Այսօր արդեն Ադրբեջանը ոչ թե, ինչպես նախկինում էր, սեփական քարոզչությամբփորձում է իր իսկ կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունները մատուցել որպես հայկական կողմին ուղղված պատասխան քայլեր, այլև տարբեր տրամաչափի հրետանային, ռեակտիվ հրթիռահրետանային և հրաձգային զենքերից` հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար իրականացվող արկակոծումներն ու գնդակոծումները բացահայտ լկտիությամբ ներկայացնում է ոչ այլ կերպ, քան իր ռազմական հնարավորությունները ցուցադրելու մարտավարական ու ռազմավարական կարևորության մտահաղացման իրագործում»,- նշվում է հաղորդագրությունում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած այդօրինակ գործելաոճը ոչ միայն պատճառ են դառնում չարդարացված ու անդառնալի կորուստների, այլև դեպքերի նման զարգացման շարունակականության խորացումը հնարավոր է հանգեցնի անկանխատեսելի հետևանքների:

Ելնելով վերոնշյալից` Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարությունը տեղեկացնում է ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող հետագա սրացումների և դրանցից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում