ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի հատուկ նշանակության ուժերի 100 զինծառայողներ ժամանել են Եմենի ժամանակավոր մայրաքաղաք Ադեն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, աղբյուրը տեղեկացնում է, որ զինվորականների հետ Եմեն է տեղափոխվել ռազմական տեխնիկա: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաուդյան Արաբիայի հատուկ նշանակության բանակի ջոկատները ժամանել են Եմեն երկրի ժամանակավոր մայրաքաղաք Ադեն` անվտանգություն ապահովելու նպատակով: Եմենի ռազմական աղբյուրների համաձայն, սաուդացի զինվորները երկրի արդեն ազատագրված տարածքները կպահպանեն «Անսար Ալլահ» շիական շարժման անդամների հարձակումներից: Սաուդացի զինվորների քանակը չի նշվում:
Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին` շիաների Ադեն մտնելու ժամանակ, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացրել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: