Տնտեսություն

ԵՏՀ-ն եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու «ճանապարհային քարտեզի» նախագիծ է մշակել

2 րոպեի ընթերցում

ԵՏՀ-ն եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու «ճանապարհային քարտեզի» նախագիծ է մշակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք քննարկումներ կանցկացնի շուկայի մասնակիցների և ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների հետ եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու նախաձեռնությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջին անգամ ներկայացրել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ընթացքում: Բիզնեսն աջակցել է գաղափարին և պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին:

Ենթադրվում է, որ ոսկերչության ոլորտի կոոպերացիոն նախագիծը կյանքի կկոչվի պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա: Պլանավորվում է ստեղծել Եվրասիական ոսկերչական բյուրո, որում ներկայացված կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերության ներկայացուցիչները:

«Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծման աշխատանքները մեկնարկել են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստել է ճանապարհային քարտեզի նախագիծ, որը կհաստատվի բիզնեսի ներկայացուցիչների և պետական մարմինների հետ աշխատանքներից հետո»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ ԵԱՏՄ տնտեսության ինտեգրացիոն ներուժը կյանքի կոչելը հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևորագույն խնդիրներից մեկը, իսկ դրա արդյունավետ իրականացումը մեծապես կախված է ԵԱՏՄ անդամ 5 երկրների տնտեսությունների իրական հատվածներում համատեղ նախագծերի ստեղծումից:

Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը ենթադրում է որակի միասնական ստանդարտներ, բաշխման միասնական ենթակառուցվածքներ և ռազմավարություն: Նախագիծը թույլ կտա ոսկերչական արտադրանքի արտահանման ծավալները մեծացնել 8 անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում