Սպորտ

Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա Լիգա

3 րոպեի ընթերցում

Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել Իսպանիայի Լա Լիգա

ՄՈՍԿՎԱ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է փոխել ակումբը: «Իզվեստիա»-ի տեղեկություններով` իսպանական «Ռայո Վալեկանո»-ն պաշտոնական առաջարկով դիմել մոսկովյան ակումբին` հայ կիսապաշտպանի տեղափոխության համար: Վարձավճարի դիմաց իսպանացիները պատրաստ են «Սպարտակ»-ին փոխհատուցել 500 հազար եվրո:

«Ֆուտբոլիստը դժգոհ է «Սպարտակ»-ում իր կարգավիճակից և ծրագրում է իր համար նոր ակումբ գտնել: Արասն արդեն դիմել է ակումբի ղեկավարությանն իր հնարավոր տեղափոխությունը դիտարկելու համար: Միաժամանակ, «Սպարտակ»-ը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին` միայն վարձավճարով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է ռուսական թերթը:

Միաժամանակ, նշվում է, որ մեկ տարվա դիմաց 500 հազար եվրոյի փոխհատուցումը «Սպարտակ»-ի համար ընդունելի չի եղել: «Կարմիրներ»-ը «Ռայո Վալեկանո»-ից պահանջել են 1 միլիոն եվրո: Իսպական կողմը մտածելու համար ժամանակ է խնդրել: Թերթը հիշեցնում է, որ հուլիսին «Սպարտակ»-ից «Ռայո» է տեղափոխվել գերմանացի կիսապաշտպան Պատրիկ Էբերտը, ում ամբողջական տրանսֆերի համար իսպանական ակումբը վճարել է 1,5 միլիոն եվրո:

««Սպարտակ»-ի ղեկավարությունը դեռևս չի շտապում բաժանվել Օզբիլիսից և սպասում է ավելի ձեռնտու առաջարկների եվրոպական ակումբներից: Հաշվի առնելով այն, որ կիսապաշտպանը մինչ Ռուսաստան ժամանելն իր մասին բարձրաձայնել էր Եվրոպայում, «Ռայո Վալեկանո»-ն ստիպված կլինի լրջորեն պայքարի մտնել հայազգի ֆուտբոլիստի համար»,- գրել է «Իզվեստիա»-ն:

Վերջին օրերին լուրերին էին տարածվել նաև, որ Օզբիլիսի համար թուրքական «Բուրսասփոր»-ն է նաև պաշտոնական առաջարկով դիմել «Սպարտակ»-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիսը ոչ մի հանդիպման չի մասնակցել «Սպարտակ»-ի կազմում: Նախորդ մրցաշրջանը հայազգի կիսապաշտպանը բաց էր թողել ծանր վնասվածքի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում