Քամբերբեթչը երկրպագուներին խնդրել Է դադարեցնել իրեն բեմում նկահահանելը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, որը լոնդոնյան թատրոնում խաղացել Է Համլետի դերը, երկրպագուներին խնդրել Է չնկարահանել իր ելույթները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Independent-ը: Նրա խոսքով՝ սմարթֆոնների խցիկները դերասաններին լրջորեն խանգարում են բեմում կենտրոնանալ դերերի վրա:
«Ստորացուցիչ եւ տհաճ Է դահլիճում տեսնել հեռախոսների այդ սպիտակ ու կարմիր լուսարձակող կետերը»,-ներկայացումներից մեկից հետո երկրպագուներին պարզաբանել Է Քամբերբեթչը: Նա հավելել Է, որ ցանկանում Է հանդիսատեսներին փոխանցել կենդանի հույզեր, որոնք տպավորվեին նրանց հիշողության մեջ, այլ ոչ թե սմարթֆոններում:
Դերասանը Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա բեմադրված Համլետի դերը խաղում Է Barbican թատրոնում: Ներկայացման պրեմիերան տեղի Է ունեցել օգոստոսի 5-ին: Քամբերբեթչը խոստովանել Է, որ լայնորեն գովազդված շոուում եղել են տեխնիկական թերություններ. օրինակ՝ ելույթներից մեկի ժամանակ, երբ դերասանն արտասանում Էր «Լինել, թե չլինել» մենախոսությունը, անսպասելիորեն իջել Է վարագույրը: Ներկայացումը Լոնդոնում բեմադրվելու Է մինչեւ հոկտեմբերի 31-ը: Դրա տոմսերն սկսել են վաճառել դեռ մեկ տարի առաջ:
«Համլետ» ներկայացումը դերասանի առաջին վերադարձն Է թատրոնի բեմ 2011 թվականին Դենի Բոյլի բեմադրության մեջ Ֆրանկենշտեյնի դերը կատարելուց հետո: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերն են՝ «Նմանակման խաղ»-ը, «Հոբիթ» եռերգությունը, «Ստրկության 12 տարի»-ն եւ Հինգերորդ իշխանություն»-ը: Քամբերբեթչը ճանաչում Է ձեռք բերել «Բի Բի Սի»-ով ցուցադրված «Շեռլոք» սերիալում գլխավոր դերը խաղալու շնորհիվ: Հեռուստատեսային նախագիծը քանիցս անվանակարգվել Է BAFTA եւ «Էմմի» մրցանակի համար, այդ թվում՝ «լավագույն դերասան» կատեգորիայում:
Լուսանկարը` Reuters