Շառլ Ազնավուրն էլզասյան գինիների փառատոնին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ժամանել է Կոլմար քաղաք` մասնակցելու էլզասյան գինիների հայտնի փառատոնին (Foire aux Vins d’Alsace):
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով francebleu.fr կայքը, 91-ամյա երգիչը մասնակցել է մամուլի ասուլիսին և եղել «ուրախ ու հանգստացած»: Նշվում է, որ Ազնավուրը նախորդ տարիներին, մասնավորապես 2009-ին, մասնակցել է էլզասյան գինիների փառատոնի շրջանակում անցկացվող մշակութային երեկոներին: «Խոսում ենք գինու մասին, բայց ինձ թվում է, որ տարիներ առաջ, երբ այստեղ եմ եկել, սա գարեջրի փառատոն էր, այնպե՞ս չէ»,-կատակել է աշխարհահռչակ շանսոնյեն:
francebleu.fr –ն գրում է, որ անգամ գինիների փառատոնի ժամանակ Ազնավուրը չի պատրաստվում թողնել իր գրիչը և շարունակելու է այդ ընթացքում ևս երգեր գրել: Երգիչը խոստովանել է, որ առավոտյան, սովորույթի համաձայն, արթնանում է և սկսում գրել:
Foire aux Vins d’Alsace 2015-ի տոնակատարությունների շրջանակում Ազնավուրի համերգը տեղի կունենա օգոստոսի 7-ին: Երգիչը նշել է, որ կատարելու է ինչպես հին ու դասական դարձած, այնպես իր նոր՝ «Encores» ձայնասկավառակից գործեր:
Dna.fr կայքն էլ գրում է, որ 91-ամյա Ազնավուրը շատ է սիրում ռոքերներին, երգչուհի Զազին, շատ է գրում մենախոսություններ, մյուզիքլներ, իսկ նրա հաջորդ ալբոմն արդեն պատրաստ է:
«Նա տարել է բոլոր ֆրանսիացի նախագահներին Հայաստան և տարօրինակ է համարում, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,-նշում է կայքը:
Foire aux Vins d’Alsace 2015-ի տոնակատարությունների ժամանակ նախատեսված համերգային երեկոներից մեկին ելույթ կունենա նաև Դևիդ Գետան:
Էլզասյան գինիների հայտնի փառատոնը Կոլմար քաղաքի սիրված տոնակատարություններից է, որին մասնակցում են տարբեր գինի պատրաստողներ և հազարավոր այցելուներ: Իրադարձության ընթացքում անցկացվում են նաև տասնյակ համերգներ: Colmar-expo.fr կայքը տեղեկացնում է, որ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-16-ը: