Մշակույթ

Տարազը որպես մշակույթի բաղադրիչ. Հյուսիսային պողոտայում անցկացվեց «Երևան Տարազ ֆեստ» առաջին փառատոնը

4 րոպեի ընթերցում

Տարազը որպես մշակույթի բաղադրիչ. Հյուսիսային պողոտայում անցկացվեց «Երևան Տարազ ֆեստ» առաջին փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դասական և ժամանակակից տարազները` մեկ հարթակում. Հյուսիսային պողոտայում օգոստոսի 5-ին անցկացվեց «Երևան Տարազ ֆեստ» միջոցառումը, որի մասնակիցները հանրությանը ներկայացրին ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային տարրեր պարունակող ժամանակակից հագուստ: «Երևան Տարազ ֆեստ» առաջին փառատոնը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը և «Տերյան» մշակութային կենտրոնը:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանընշեց, որ փառատոնն անցկացվում է «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում:

«Փառատոնն իրականացնելու գաղափարը «Տերյան» մշակութային կենտրոնինն է, ով առաջարկել է նման բան կազմակերպել: Տարազը տվյալ մշակույթի բաղադրիչ մասն է, հնարավորություն է տալիս կարծիք կազմել ժողովրդի անցած ճանապարհի, մշակույթի մասին: Տարազն իր մեջ մի ամբողջ ժողովրդի պատմությունն է ամփոփում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մարիա Բարաղամյանը` փաստելով, որ փառատոնին մասնակցում են նաև զբոսաշրջիկներ, ինչը ոչ պակաս կարևոր և ուրախալի է:

Նա հավելեց, որ իրադարձությանը ներկայացված են ոչ միայն տարազներ, այլև տարազների բաղադրիչ ներառող հագուստներ, որոնք դուր կգան հատկապես երիտասարդներին:

«Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը նշեց, որ երկու տարի առաջ ցանկություն են ունեցել նման փառատոն կազմակերպել:

«Անցյալ տարի քաղաքապետարանին ներկայացրինք ծրագիր` նման փառատոն կազմակերպելու համար: Մենք ցանկություն ունեինք նաև ներկայացնել այլ ազգային փոքրամասնությունների տարազները, հուսանք հաջորդ անգամ կհաջողվի նման բան էլ անել»,-նշեց Լիլիթ Մելիքյանը:

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց, որ տարազների փառատոնը մշակութային մեծ աշխուժություն է մտցնելու երևանցիների և հյուրերի կյանքում: «Այս փառատոնի նպատակն է ներկայացնել մեր ազգային մշակույթը: Կարծում եմ, որ փառատոնը մշտական կդառնա և կհավակնի երևանյան մշակութային կյանքում ունենալ իր տեղը»,-ընդգծեց Արմինե Սարգսյանը` հավելելով, որ թանգարանը փառատոնին ներկայացել է պատմական Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող տարազների կրկնօրինակներով` այդ թվում նաև երևանցու ավանդական տարազով:

Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, ներկայացվեցին Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: «Մարաշլեան» ֆոտո ատելիեում էլ բոլոր ցանկացողները լուսանկարվելու հնարավորություն ունեցան: «Երևան Տարազ ֆեստ»-ի համերգային ծրագրին մասնակցեցին մի շարք ազգագրական համույթներ: Փառատոնի շրջանակում անցկացվեց հագուստների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեցին «Տերյան» մշակույթի կենտրոնի և դիզայներ Արամ Նիկոլյանի տարազների հավաքածուները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում