Սպորտ

Համահայկական խաղերի արցախյան մրցաշարը մեկնարկեց Ստեփանակերտի թիմի հաղթանակով

3 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի արցախյան մրցաշարը մեկնարկեց Ստեփանակերտի թիմի հաղթանակով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերի Ստեփանակերտի մրցումների մեկնարկը տվեց վոլեյբոլի տղամարդկանց մրցապայքարի Ստեփանակերտ-Բերդ զույգը:

Արցախցիները, իրենց առավելությունը պահպանելով երեք մրցափուլերում, հաղթեցին 25-9, 25-5 և 25-13 հաշվով: Արցախի պետական համալսարանի դահլիճում թեպետ հանդիսատեսը մեծաքանակ չէր, սակայն ներկաներն էլ մեծ ոգևությամբ էին հետևում խաղին: Նրանց թվում էր նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ով, ողջունելով Համահայկական խաղերի մասնակիցներին, փաստեց, որ Արցախը միշտ սպասում է աշխարհասփյուռ հայության զավակներին, որտեղից էլ նրանք լինեն: «Սա ևս մեկ ապացույց է, որ հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն իսկապես կարող է հաջողված լինել: Հենց նման միջոցառումներով է, որ կարող ենք հայկական սպորտը ներկայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման խոսքում ասաց նախարարը:

Համահայկական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Ստեփան Տեր-Պետրոսյանը մեծ ջերմությամբ ողջունեց մասնակիցներին և փաստեց. «Մեզ համար մեծ կարևորություն ունի այն, որ այս խաղերը Ստեփանակերտում լավ անցնեն, ինչում ես համոզված եմ: Վստահ եմ, որ հաջորդ խաղերին ավելի մեծ խմբեր են մասնակցելու Արցախում կայանալիք մրցաշարերին»,-ասաց Տեր-Պետրոսյանը:

Նախօրեին խաղերի մասնակից Լիբանանի, Իրանի և Գյումրու վոլեյբոլի և ֆուտբոլի թիմերը ժամանեցին Ստեփանակերտ: Մասնակիցներn առաջիկա երկու օրերին կպարզեն իրենց խմբերի հաղթողներին և կայցելեն հայոց բերդաքաղաք Շուշի և Գանձասարի վանական համալիր:

Համահայկական խաղերի բացման արարողություն կկայանա նաև Արցախում՝ Ասկերանի քաղաքային մարզադաշտում:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում