Սպորտ

Արագածոտնում կանեն հնարավորը մարզում Համահայկական խաղերի կառույցները և ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու համար

3 րոպեի ընթերցում

Արագածոտնում կանեն հնարավորը մարզում Համահայկական խաղերի կառույցները և ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հուլիսի 21-ին հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մոսվիսյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Համահայկական խաղերի կազմակերպման պատասխանատուները, ինչպես նաև Աշտարակ, Թալին, Ապարան խոշորացված համայնքների ղեկավարները։

«Ողջունելով խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարը՝ մարզպետը հույս հայտնեց, որ մարզը կկարողանա հնարավորությունների սահմաններում և ըստ պատշաճի այդ ամենը կազմակերպել՝ մոբիլիզացնելով ողջ ուժերը:

«Համահայկական խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք, մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Այս ամենն արվում է Երեւանից զատ, հանրապետության մյուս բնակավայրերը զարգացնելու, ակտիվացնելու համար»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Ներկայացնելով խաղերի անցկացման տարեգրությունը՝ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ 1999 թվականին անցկացվող խաղերին մասնակցում էր 1141 մասնակից՝ 23 երկիր՝ 7 մարզաձև, իսկ 2015 թվականին արդեն արձանագրվել է 6540 մասնակից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Իշխան Զաքարյանը նշել է, որ Համահայկական 7-րդ խաղերն անցկացվել են Ստեփանակերտում՝ ունենալով 5244 մասնակից: Այս ընթացքում անցկացվել են նաև մեկ ձմեռային խաղեր՝ Ծաղկաձորում: «Որոշում ենք կայացրել, որ ամառային 8-րդ խաղերից անմիջապես հետո պատրաստվում ենք ձմեռային երկրորդ խաղերին՝ կրկին Ծաղկաձորում»,- ասել է Իշխան Զաքարյանը: Նա ընդգծել է, որ Համահայկական խաղերը բացարձակապես ապակուսակցական միջոցառում է, որի միջոցով լավագույնս է դրսևորվում Հայաստան-Սփյուռք կապը:

Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում:

Նշվում է, որ մարզպետն ու համայնքապետերը վստահեցրել են, որ նախ կգույքագրեն ունեցած հնարավորություններն ու այս ընթացքում կանեն հնարավորը մարզային ու քաղաքային կառույցները, ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում