ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում տեղի ունեցող մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների առաջնությունում 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն:
Մինչև 15 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում հիմնական խաղաքարտերը հայերի ձեռքում էին: Երկամարտի 211 (94+117) կգ արդյունքով չեմպիոնի կոչման արժանացավ քասախցի Արմեն Գրիգորյանը: Իսկ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) կգ-ով արժանացավ արծաթե մեդալի: Ի դեպ՝ Ռաֆիկը հրումում նվաճեց ոսկե մեդալ: Այս քաշային կարգում երրորդ տեղը գրավեց վրացի Արչիլ Մալակմաձեն 203 (93+110):