«Մանկական Նոր ալիք»-ում հանդիսատեսի համակրանքին արժանացած պատանին կստանա «Ադամանդե ալիք»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանկական Նոր ալիք» հեղինակավոր մրցույթի շրջանակում կանցկացվի համացանցային քվեարկություն, որի արդյունքներով կընտրվի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական newwavejunior.eu կայքը, ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա Twelve Thirteen ոսկերչական ընկերության պատրաստած «Ադամանդե ալիքը»: Քվեարկությունը կանցկացվի օգոստոսի 5-13-ը: Հաղթողի անունը կհայտարարվի օգոստոսի 13-ին, իսկ մրցանակի հանձնումը կանցկացվի փակման արարողության ժամանակ:
«Մանկական Նոր ալիք» հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Մերի Քոչարյանը ևս մասնակցում է քվեարկությանը: Բուն մրցույթն այս տարի կանցկացվի Ղրիմում օգոստոսի 11-13-ը:
Փոքրիկ երգչուհին ավելի վաղ «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ վստահ է՝ լավ ելույթ ունենալու դեպքում անպայման լավ հորիզոնական կզբաղեցնի:«Այս տարի մասնակցեցի «Մանկական Նոր ալիք» մրցույթի մոսկովյան փուլին և մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացա: Շատ եմ սիրում «Նոր ալիք»-ը, այդ պատճառով որոշեցի մասնակցել, երբ մոսկովյան փուլին ժյուրիի անդամներն ասացին, որ ես եմ անցել, իհարկե, շատ ուրախացա»,-նշել էր փոքրիկ երգչուհին:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: