Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Հայ Կաթողիկե համայնքի նոր պատրիարքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Զմմառի վանք՝ շնորհավորելու նորընտիր Հայ Կաթողիկոս Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սրբությանն ընկերակցել են Լիբանանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Եպս. Փանոսյանը, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Եպս. Սարգիսյանը, Տպարանի տեսուչ Գերշ. Տ. Նորայր Եպս. Աշգյանը և միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:
Վեհափառ Հայրապետին դիմավորել է նորընտիր հոգևոր առաջնորդը և առաջնորդել նրան մատուռ: Ապա վանքի դահլիճում Նորին Սրբությունը շնորհավորել է Հայ Կաթողիկե համայնքին իր նոր պատրիարքի ընտրության համար և շեշտել գործակցության հրամայականը հատկապես Միջին Արևելքում ստեղծված ներկա պայմաններում: Նորընտիր պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին այցելության համար և նշել, որ պետք է օգտվել Նորին Սրբության հովվապետական քսանամյա փորձառությունից ՝ այս դժվարին պայմաններում առաջնորդել մեր ժողովրդին: