Արցախ

Արամ Ա-ն Եթովպիայի եկեղեցու հոգևոր պետի հետ քննարկել է երկու եկեղեցիներին առնչվող ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Եթովպիայի եկեղեցու հոգևոր պետի հետ քննարկել է երկու եկեղեցիներին առնչվող ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի մայրավանքում խորհրդակցական հանդիպում է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Եթովպիայի եկեղեցու հոգևոր պետ Նորին Սրբություն Աբունա Մատթեաս պատրիարքի միջև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա էին Կիպրոսի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Նարեկ արք. Ալեմեզյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, կաթողիկոսարանի դիվանապետ Խաչիկ Տետեյանը և կալվածքների հանձնախմբի անդամ Վահե Գալինջյանը: Եթովպիայի եկեղեցու կողմից պատրիարքի կողքին ներկա էին պատրիարքի օգնական երկու եպիսկոպոսներ, Միջին Արևելքի եթովպական համայնքների առաջնորդը և Լիբանանում Եթովպիայի դեսպանը:

Շուրջ մեկ ժամ տևող խորհրդակցություններն ընդգրկել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Եթովպիայի ուղղափառ քույր եկեղեցու հարաբերություններին առնչվող ծրագրեր: Շեշտվել է եկեղեցիների գործակցությունն ավելի ամրապնդելու հրամայականը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Լիբանանում հաստատված եթովպական համայնքի հետ օրինական, վարչական, տնտեսական ու հովվական մի շարք հարցեր:

Նկատի ունենալով որ Լիբանանում հաստատված եթովպական համայնքը մինչև այժմ իրավական ճանաչում չունի, որպես քույր եկեղեցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հովանավորում է համայնքը՝ իրավական ու հովվական տեսանկյունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում