Արցախ

Լիբանանում Արամ Ա-ի ներկայությամբ տեղի է ունեցել երաժշտական երեկո

2 րոպեի ընթերցում

Լիբանանում Արամ Ա-ի ներկայությամբ տեղի է ունեցել երաժշտական երեկո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 100-ամյակին նվիրված Սրբալույս մյուռոնի օրհնության, եկեղեցական արարողությունների ու ձեռնարկների համար աշխարհի չորս կողմերից Լիբանան ժամանած ուխտավորները և Լիբանանի երաժշտասեր հանրությունը հավաքվել էին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի շրջակայքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիսությունը հովանավորում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը և նախագահում էր ազգային բարերար Ալեքքո Բեզիքյանը: Ներկա էին կաթողիկոսության 100-ամյակի միջոցառումներին հրավիրված եկեղեցիների հոգևոր պետերը և ներկայացուցիչներ Միջին Արևելքից, Եվրոպայից, Աֆրիկայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայից, Հնդկաստանից:

Բեյրութի սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ ներկայացրել է Արամ Խաչատրայի և այլ հայ երաժիշտների գործերը: Երեկոն հատուկ հմայք է ստացել, երբ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանն ու տենոր Բարսեղ Թումանյանն իրենց ձայնով հմայել են հանդիսականներին: Մեկ ու կես ժամ տևած համերգի ավարտին ներկա հազարավոր մարդիկ հոտնկայս ծափողջույններով գնահատել են նվագողներին ու մենակատարներին:

Երեկոյի փակման ժամանակ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարին, մնեկատարներին և նվագախմբեի բոլոր անդամներին:

Ապա Նորին Սրբությունը բեմ է հրավիրել Սուրբ Աստվածածին վանքի նահատակների ու վերածննդի հուշարձանի համալիրի, Թռչնոց Բույնի Հայոց ցեղասպանության «Արամ Բեզիքյան» որբերի թանգարանի ու Անթիլիասի նահատակների մատուռի բարերար տեր և տիկին Ալեքքո և Անի Բեզիքյանին ընտանիքի անդամներին: Վեհափառը Զարեհ Բազիքյանին պարգևատրել է «Ասպետ» շքանշանով, «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրել է կաթողիկոսարանի շինանարարական աշխատանքներով զբաղվող ճարտարապետներ Վահե Գալինջյանին ու Վազգեն Չոքիջյանին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում