Life

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի Միքայել Վարոսյանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի Միքայել Վարոսյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012 թ-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված եւ սիրված մրցույթում:

12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:

Միքայելը 2013 -ից մասնակցում եւ ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: Նա 2012 -ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013 -ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային «Golden Sparkles» մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղ է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաեւ արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:

2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը:

Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում, 7-րդ դասարանում:

Միքայելը նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել եւ հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր եւ ֆիլմեր: 2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաեւ հեռուստատեսային աշխարհում եւ սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը: Միքայելը շատ է սիրում Մայքլ Ջեքսոնի եւ Բրունո Մարսի երգերը եւ ակտիվ հետեւում է նրանց երաժշտական գործունեությանը:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ -2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արեւիկ» խումբը եւ 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:

Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում