Արցախ

Արցախի Մարտակերտ շրջկենտրոնի բնակչությունը շուտով մշտական ջուր ունենա. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Արցախի Մարտակերտ շրջկենտրոնի բնակչությունը շուտով մշտական ջուր ունենա. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԼ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին Մարտակերտում խորհրդակցել է շրջկենտրոնի ջրամատակարարման նոր ցանցի գործարկման և ճանապարհների վերանորոգման վերաբերյալ: Այս մասին «Արմնեպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը շեշտադրել է, որ նշված երկու խնդիրների կարգավորումը Մարտակերտ քաղաքի բնակչության համար օրախնդիր է, և կառավարությունը շուրջ մեկ տարի է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է իրականացնում: «Կատարված աշխատանքների ծավալը թույլ է տալիս, որ շրջկենտրոնի բնակչությունը շուտով մշտական ջուր ունենա, իսկ քաղաքի ճանապարհների վիճակն ուղղակի անթույլատրելի է, և անհապաղ կսկսվեն փոսորակային բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները»,- ասել է Հարությունյանը:

Ներկայացնելով Քաղաքի ջրամատակարարման աշխատանքների վերաբերյալ զեկույցը՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյան նշել է, որ 2014թ.-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտին է մոտենում: Նախարարի խոսքով՝ արդյունավետ ջրամատակարարում իրականացնելու համար շրջկենտրոնը բաժանվել է երկու գոտիների, վերակառուցվել և վերանորոգվել են երեք ջրավազանները, արդեն ավարտվել է քաղաքի ներքին ցանցի անցկացումը, տեղադրված են ջրաչափերը, և առաջիկա օրերին կսկսվեն ներմիացման աշխատանքները:

Կարեն Շահրամանյանն առանձին զեկույցով ներկայացրել է նաև շրջկենտրոնի ճանապարհների վիճակը բնութագրող քաղաքաշինական եզրակացությունը: Նախարարն, ըստ թաղամասերի, անդրադարձել է կատարվելիք աշխատանքներին, որոնք արժանացել են գործադիր իշխանության ղեկավարի հավանությանը:

Խորհրդակցության ընթացքում Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և այլ պատասխանատուների հետ քննարկել է նաև շրջանում իրականացվող բերքահավաքի ընթացքին ու խնդիրներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում