Life

Աստված քեզ տաղանդ է շնորհել երաժշտություն ստեղծել ոչ միայն քո բանկային հաշիվները մեծացնելու համար. Բեթ Հարթի խոստովանությունը

6 րոպեի ընթերցում

Աստված քեզ տաղանդ է շնորհել երաժշտություն ստեղծել ոչ միայն քո բանկային հաշիվները մեծացնելու համար. Բեթ Հարթի խոստովանությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական տուրի շրջանականերում Երևանում է ամերիկյան բլյուզ-ռոք, ջազ-ֆյուժն և սոուլ ժանրերում հայտնի երաժիշտ, երգահան Բեթ Հարթը: «Արմենպրես»-ին հաջողվել է հարցազրույց ունենալ տաղանադավոր երգչուհու հետ ու լսել, թե որն է նա համարում իր հաջողության գաղտնիքն ու անձնական ամենամեծ ձեռքբերումը:

- Ի՞նչ երգացանկով եք ներկայանալու հայ հանդիսատեսին:

-Այստեղ գալուց ի վեր մարդիկ ինձ խնդրում են կատարել իրենց նախընտրած երգերը: Ես փորձելու եմ իրականացնել այդ. չէ որ շոուի ողջ իմաստն է մարդկանց տալ այն, ինչ նրանք ցանկանում են լսել: Կլինեն երգեր ինչպես հին, այնպես էլ նոր ալբոմներից, սակայն վերջնական ընտրությունը դեռ նոր պետք է կատարվի:

-Սովորաբար երաժիշտները չեն սիրում կատարել իրենց հին երգերը, այլ նախընտրում են նորերը: Ինչպե՞ս եք Դուք վերաբերում այդ հարցին:

-Ես նախընտրում եմ հանդիսատեսին տալ այն, ինչ նրանք են ցանկանում: Ուստի որևէ երկիր կամ քաղաք շրջագայելուց առաջ ես փորձում եմ փոքր ուսումնասիրություն կատարել: Այս հարցում համացանցը հրաշալի դեր ունի. դու կարող ես հարցեր ուղղել մարդկանց և անմիջապես ստանալ պատասխան: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են լսել նոր երգեր, մյուսները` ավելի հները, դրա համար ես խառն եմ ներկայացնում:

- Կարո՞ղ եք նշել այն մարդուն, ով ամենից մեծ ազդեցությունն ունեցել Ձեզ վրա և օգնել դառնալ այնպիսին, ինչպիսին Դուք կաք այսօր:

-Օ՜, այնքան շատ արտիստներ կան: Սկսած Բեթհովենից մինչև Բիլի Հոլիդեյ, Դանիել Ուաշինգթոն, Բոբ Մարլի, Սթյու Փոլս, Ջեյմս Թեյլոր, Ռիկի լի Ջոնս, Ռիթ Ֆրենլկին, Ջեյմս Բրաուն, Black Sabbath, Led Zeppelin... ցանկը կարելի է անվեջ շարունակել: Այնքան շատ մեծանուն արվեստագետներ կան, այնքան շատ մարդիկ, ումից կարելի է սովորել և ոգեշնչվել, ուստի չեմ կարող նշել միայն մեկ մարդու:

-Իսկ ո՞վ է այն մարդը, ով միշտ դրդել է Ձեզ առաջ շարժվել և չնահանջել:

-Հավանաբար, մայրս և հայրս` տարբեր պատճառներով: Մայրս միշտ մեծ հավատ է ունեցել իմ ուժերին և միշտ ասել է, որ անկախ ամեն ինչից, ես կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ, միայն թե երջանիկ լինեմ: Իսկ հայրս ավելի քննադատական մոտեցում ունի, սակայն դա նույնպես օգնում է, քանի որ ավելանում է պատասխանատվությունը և քո իրավացիությունն ապացուցելու ձգտումը: Ուստի ծնողներս են եղել այդ մարդիկ:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ անձնական ձեռքբերումը:

-Իմ ամուսնությունը Սքոթի հետ:

-Ստիպված եղե՞լ եք որևէ զոհաբերություն անել այդ ձեռքբերումը պահպանելու համար:

-Ես երբեք ստիպված չեմ եղել որևէ բան զոհաբերել: Եվ չէի էլ անի: Հավանաբար, այդ պատճառով է, որ ես աստղ չեմ: Որքան էլ ես միշտ ցանկացել եմ հարուստ և հայտնի լինել, մահանալ ծովափնյա գեղեցիկ տանը, ինձ համար ավելի կարևոր էր զբաղվել իմ սիրած գործով: Ոչ թե որ ես շատ խելացի եմ կամ ազնիվ, այլ, հավանաբար, որովհետև ինչ-որ տեղ ես թույլ եմ և շատ զգայուն: Այդ թուլության պատճառով ես չկարողացա դառնալ խելացի գործարար: Ես անում եմ այն, ինչ հարմար եմ զգում: Երբեմն դա այնքան էլ լավ բան չէ: Վերջին շրջագայության ընթացքում ես ինձ վատ էի զգում: Իմ գործն է բեմ դուրս գալ և դրական լիցքեր փոխանցել մարդկանց, ներգրավել հանդիսատեսին և այնպես անել, որ նրանք հեռանան լավ զգացողությամբ: Եվ քանի որ, ես ինձ վատ էի զգում, չկարողացա դրական շոու ապահովել:

Որպես արտիստ ամենակարևոր գործը, որ ես կարող եմ անել, կարծում եմ, ազնիվ լինելն է, եթե անգամ դա նշանակում է, որ մարդիկ կարող են լքել իմ շոուն: Ես միշտ նախընտրում եմ ազնիվ գտնվել իմ հանդիսատեսի հետ: Գուցե այդ պատճառով է, որ ես մեծ հաջողությունների չեմ հասել:

-Որտեղի՞ց եք գտնում այդքան էներգիա:

- Ես պարզապես գերշարժուն անձնավորություն եմ, և միշտ այսպիսին եմ եղել: Իմ ծնողներն էլ այդպիսին են: Ես շատ դեղամիջոցներ եմ օգտագործում ինձ հանգստացնելու համար: Սա իմ հանգիստ վիճակն է:

-1993 թվականին Դուք մասնակցել եք երաժշտական հեռուստաշոուին և մրցանակ ստացել լավագույն կանացի վոկալի համար: Կարո՞ղ ենք համարել, որ այդտեղից սկսեց Ձեր հաջողությունը:

-Ոչ, բացարձակապես ոչ: Շոուն ժողովրդականություն չէր վայելում: Մարդիկ չէին նայում այն: Այն ոչնչով նման չէր ժամանակակից երաժշտական շոուներին: Հեռարձակվում էր կիրակի կեսգիշերին, երբ մարդկանց մեծ մասը քնած էր: Ես հաղթեցի և գումար վաստակեցի, սակայն ոչ մի ճանաչում կամ փառք այն ինձ չբերեց: Իմ առաջին իրական ձայնասկավառակը ձայնագրեցի միայն չորս տարի անց:

-Գիտեմ, որ 1999 թվականին Դուք շրգայություն եք կազմակերպել Միացյալ Նահանգներով, երիտասարդ երաժիշտների համար գումարներ հավաքելու նպատակով: Դուք շարունակո՞ւմ եք բարեգործությամբ զբաղվել:

-Այո մենք տարբեր բաներ ենք փորձում անել: Ամեն տարի ինչ-որ նոր բան է դուրս գալիս: Այս պահին մենք ձայնասկավառակ ենք ձայնագրում մարդկանց թրաֆիքինգի դեմ: Կարծում եմ դա պատասխանատվություն է: Աստված քեզ տաղանդ է շնորհել երաժշտություն ստեղծել ոչ միայն քեզ համար, քո բանկային հաշիվները մեծացնելու համար, այլ աշխարհը ավելի լավը դարձնելու, դրական փոփոխություն առաջացնելու համար: Հակառակ դեպքում, այդ ամենն ապարդյուն կլիներ:

Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի և Սյունե Բարսեղյանի

Հ.Գ. «Արմենպրես»-ի լրագրողներն առաջինը ծափահարեցին Բեթ Հարթին Երևանում: Հարցին` որ երաժշտությամբ կարտահայտեք այն, ինչ զգում եք այս պահին, Բեթ Հարթը կատարում նվիրեց «Արմենպրես»-ի ստեղծագործական խմբին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում