Իրաքյան ուժերն ԻՊ-ից ազատագրել են Թել Զաաթար շրջանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը հակաահաբեկչական պայքարի շրջանակներում Սալահ ադ Դին նահանգում «Իսլամական պետությունից» ամբողջովին ազատագրել են Բայջիի Թել Զաաթար շրջանը և պատրաստ են վերահսկողություն հաստատել Բայջիի գործարանի մոտ գտնվող Ալ աբ Ջաուարի գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների ղեկավարներից Ռուքն Մաան աս Սայիդին նշել է, որ հակաահաբեկչական պայքարին նաև մասնակցում են ազգային պաշտպանական ջոկատները, և, արդյունքում, իրաքյան ուժերն վերսկսել են առաջխացաումը Բայջիում:
Իրաքի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ օդային ուժերն ահաբեկիչների թաքստոց և երեք մեքենաներ են ոչնչացրել Անբարի նահանգում: Արդյունքում՝ տասնյակ ահաբեկիչնեչ են սպանվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ 42 ահաբեկիչներ են սպանվել, ևս 17-ը ձերբակալվել է Անբարում և Ֆալլուջայում:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: