ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը 15 պահուստային երգ ունի, որոնք նախատեսում է իր հաջորդ ձայնասկավառակի համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով lepetitjournal.com-ը, այս մասին երգիչը նշել է պարբերականին տված հարցազրույցում: Ազնավուրը պատմել է, որ իր երգերի թիվն օրեցօր ավելանում է:
lepetitjournal.com-ը նշել է, որ լեգենդար երգիչը ներկայացրել է իր 51-րդ «Encores» անվանումով ալբոմը, որը նոստալգիկ է, տխուր և ճշմարիտ: Հոդվածագիրն Ազնավուրին բնորոշել է որպես 70 տարվա գործունեություն ծավալած ֆրանսիական երգի 91-ամյա հսկա, որը երկրպագուների կողմից սպասված է ու սիրված:
Ազնավուրը նշել է, որ «Encores»-ն իր լավագույն ալբոմներից է: «Ես չեմ սովորել դաշնամուր նվագել, ոչ էլ երաժշտություն եմ սովորել: Բայց ես ցանկություն ունեի: Ես սկսել եմ թատրոնից, բայց ուզում էի հեռուն գնալ, ավելի շատ բան իմանալ: Ես բնույթով հետաքրքրասեր եմ»,-ընդգծել է նա:
«Ես գերադասում եմ լինել նորմալից դուրս, բայց ազատ մարդ»,-Ազնավուրի խոսքերն է մեջբերել lepetitjournal.com-ը: Երգիչը խոստովանել է, որ իրեն զարմացնում են իր 10-12 տարեկան երկրպագուները, և փաստել է, որ կան երկրներ, որտեղ նա չի երգել:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: