Տարածաշրջանային

Չավուշօղլուն սպառնացել է Բելգիային Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի ընդունման հարցով

2 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն սպառնացել է Բելգիային Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի ընդունման հարցով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին Բելգիայի խորհրդարանում նոր բանաձևի ընդունման պարագայում Թուրքիան սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» պարտվականը, այս մասին թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա տեղեկացրել է, որ վերջերս Փարիզում հանդիպել է Բելգիայի իր գործընկերոջ` Դիդիեր Ռեյնդերսի հետ, ում ներկայացրել է նմանօրինակ բանաձևերի ընդունման ժամանակ թուրքական կողմից իր երկրի դեսպանին հետ կանչելու «ավանդույթը»: «Մենք աշխատում ենք պատժամիջոցների մշակման շուրջ: Այս մասին ես Ռեյնդերսին շատ բացահայտ ասել եմ»,- հայտնել է Չավուշօղլուն:

Նա անդրադարձել է նաև Բելգիայի կուսակցություններից մեկից ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրի հեռացման փաստին, ով հրաժարվել էր ստորագրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի մասին փաստաթղթի տակ: «Հուսով եմ կհաղթի խելամտությունը, և մենք ստիպված չենք լինի նմանօրինակ որոշումներ ընդունել, սակայն մտածում ենք վատագույն սցենարի մասին»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը:

Բելգիայի խորհրդարանում «Ֆլամանդյան նոր դաշինք» կուսակցության նախաձեռնությամբ պատրաստվում է նոր բանաձև, որը կոչ է անելու կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նշվում է, որ բանաձևի քննարկումները տեղի կունենան 2015 տարվա վերջին:

Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 1998 թվականին Սենատի կողմից ընդունված համապատասխան բանաձևի միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում