ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ահաբեկիչները մայիսի 20-ին կարողացել են հսկողություն հաստատել սիրիական հնագույն Թադմուր քաղաքի մեկ երրորդի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Ահաբեկիչներին հաջողվել է գրավել քաղաքի մի մասը՝ սիրիական բանակի և նրա դաշնակից ուժերի հետ թեժ մարտերից հետո:
Մեկ այլ արաբական աղբյուրի տեղեկացմամբ՝ ԻՊ-ի ահաբեկիչները գրավել են քաղաքի հյուսիսային հատվածի զգալի մասը:
Ավելի վաղ սիրիական բանակին հաջողվել էր Թադմուրից վտարել ահաբեկիչներին: Թադմուր քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորության վրա:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համարվում է ամենավտանգավոր ու ամենամեծ, միևնույն ժամանակ, ամենահարուստ կազմակերպությունն աշխարհում, որի կազմում ընդգրկած են ավելի քան 80 երկրների զինյալներ: ԻՊ-ն ռազմական լայնածավալ գործողություններ սկսել է նախորդ տարվա ամռանը, արդյունքում՝ Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ հայտնվել են նրա հսկողության տակ: