Ռումինիայի հայ համայնքն ապրիլի 24-ի ուղերձի համար շնորհակալություն է հայտնում նախագահ Յոհաննիսին
3 րոպեի ընթերցում
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանի, ՌՀՄ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանի ստորագրությամբ երախտագիտության ուղերձ է հղվել նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչելու կապակցությամբ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում ասվում է.
«Ռումինիայի հայ համայնքը հուզմունքով եւ ուրախությամբ ընդունեց Ձեր ուղերձը` մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ուղղված զանգվածային հանցագործությունների ոգեկոչման առիթով: Այս ուղերձը Ռումինիայում ամենաբարձր մակարդակով առաջին ճանաչումն է այն ողբերգության, որի միջով անցել է հայ ժողովուրդը: Մեզ` Ռումինիայի հայերիս համար, որոնց մեծ մասը 1915-1917թթ. ողբերգությունից փրկվածների ժառանգներն են, գիտակցման եւ ճանաչման Ձեր կոչը Ռումին պետության կողմից կատարված մեծ քայլ է: Ձեր ուղերձը, որը լայն արձագանք գտավ թե Ռումինիայի հայ համայնքի եւ թե համայն հայության շրջանում, մեր ընդհանուր հայրենիքի միանալու նշան է այն երկրներին, որոնք հարգանքով են վերաբերվում հայերի ողբերգությանը եւ որոշել են այն չմատնել մոռացության:
Վստահ ենք, որ սա առաջին, չափազանց կարեւոր քայլն է` այլ պետությունների օրինակով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ Ցեղասպանությունը ճանաչելու համար որպես այդպիսին»:
Ապրիլի 24-ին «հայերի պատմական ողբերգության 100-ամյակի» հիշատակման կապակացությամբ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն ուղերձ էր հղել, որտեղ ասվում էր, թե «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունը արմատախիլ անելու համար»: Այսպիսով, Կլաուս Յոհաննիսը Ռումինիայի առաջին նախագահն է, որ արտահայտվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նույն օրը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով հայտարարություն էր տարածել նաեւ Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների, պաշտամունքի եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը, որով, հղում անելով Հռոմի պապի ուղերձին եւ Եվրոպական Խորհրդարանի ապրիլի 15-ի որոշմանը՝ հանձնաժողովն առաջարկում է «հրեաների եւ գնչուների հոլոքոստի շարքում Ռումինիայում նշելու նաեւ հայերի դեմ Ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձեւով ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»: