Միջազգային

Սիրիան դատապարտել է Թուրքիայի վարչապետի այցը Սուլեյման շահի դամբարան

2 րոպեի ընթերցում

Սիրիան դատապարտել է Թուրքիայի վարչապետի այցը Սուլեյման շահի դամբարան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոպիտ խախտել է Սիրիայի ինքնիշխանությունն՝ այցելելով Օսմանյան կայսրության հիմնադիրների նախահայր Սուլեյման շահի դամբարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը՝ ավելացնելով, որ թուրքական կառավարության այցը սիրիական տարածքում գտնվող վայր չի համաձայնեցվել Դամասկոսի հետ: «Նման քայլը միջազգային նորմերի ակնհայտ ոտնահարում է»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ Թուրքիան վաղ թե ուշ կդատապարտվի Սիրիայի ինքիշխանությունն անտեսելու համար:

Դավութօղլուի այցի մասին հայտնի է դարձել մայիսի 10-ին: Նա թուրքական ցամաքային ուժերի հրամանատար Հուլուսի Աքարի ընկերակցությամբ, զրահապատ մեքենաներով և ուղղաթիռներով մուտք է գործել սիրիական Էշմա գյուղ, որը գտնվում է քրդական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ՝ Քոբանի քաղաքի մերձակայքում: Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ դամբարանի շուրջ գտնվող հողը, որը գտնվում է Սիրիայում, Անկարային է պատկանում:

Ավելի վաղ՝ փետրվարին, թուրքական հատուկ ծառայության անդամների միջոցով Սուլեյման Շահի գերեզմանը տեղափոխվել էր Էշմա: Սիրիական կառավարությունը Թուրքիային մեղադրել էր միակողմանի որոշում կայացնելու մեջ:

Սիրիան բացահայտ մեղադրում է Անկարային՝ ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու համար: Վերջերս ահաբեկչական խմբավորումների կողմից սիրիական Իդլիբ քաղաքի գրավման մեջ Սիրիան կրկին մեղադրում է Թուրքիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում