ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ինքնապաշտպանական ուժերը մայիսի 8-ին հաջողություն են գրանցել՝ հսկողություն հաստատելով Հասաքեի մարզի հարավում գտնվող Թել Թամեր, և արևմուտքում գտնվող Թել Մաջդալ գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվեր, ոչնչացվել են նրանց թաքստոցները:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը ևս հաջողություն է գրանցել Լաթաքիայի մարզի հյուսիսում: Սիրիական բանակը ազգային պաշտպանական ջոակտների հետ հսկողություն է հաստատել Լաթաքիայի մարզի մի շարք բարձունքների վրա: Արդյունքում՝ ոչնչացվել են ահաբեկիչների վերջին թաքստոցները:
Սիրիական բանակը առաջընթաց է գրանցել Ջիսր Շուղուրի հարավ-արևելքում գտնվող շրջաններում: Նոր տարածքներ են ազատագրվել Կալամունի շրջանում:
Ավելի վաղ սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» անդամների հետ մայիսի 7-ին ամբողջովին հսկողություն է հաստատել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Ջուրուդ Ասալ ալ Ուարդ բարձունքների վրա: Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ հարձակում էր իրականացրել Ջուրուդ Ասալի վրա՝ հսկողություն հաստատելով զինյալների դիրքերի վրա: Բախումների արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել, այդ թվում՝ սպանվել է «Ջաբհա ան նուսրա» խմբավորման ղեկավարը:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: