Մերձավոր Արևելքում փոքրամասնություններն անցնում են նույն դժոխային ուղին, ինչ հայերն ու հրեաները. Սերժ Սարգսյան
3 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի Ազգային Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքը ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարի շուրջ համախմբման վառ օրինակ է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`մայիսի 7-ի էկումենիկ արարողության ժամանակ այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Խորհրդանշական է, որ այսօր այս տաճարում տեղի է ունենում միջկրոնական աղոթք` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Եվ կհնչեն սաղմոսի խոսքերն առ այն, որ բարությունն ու ճշմարտությունը հանդիպեն միմյանց և արդարությունն ու խաղաղությունը կտարածվեն: Մի՞թե բարության ու մարդասիրության պակասի պատճառով չէր, որ 100 տարի առաջ 1.5 միլիոն հայ զոհ գնաց «Սպանե´լ, քանի որ տարբեր է» կարգախոսին: Մի՞թե արդարության և խաղաղության բացակայությունը չդարձավ 6 միլիոն հրեաների սպանության պատճառ: Մի՞թե անհամերաշխության հետևանք չեն մարդկության պատմության մատյանում այսօր գրված Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների էջերը: Արդյո՞ք համախոհության պակասի և ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու պատճառով չէ, որ այսօր էլ Մերձավոր Արևելքում փոքրամասնություններն անցնում են նույն դժոխային ուղին, ինչ հայերն ու հրեաները, թութսիներն ու սուդանցիները: Ցավալիորեն, այո´: Բոլորս ստիպված ենք խոսոտվանել, որ, որպես միջազգային հանրություն, չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին, մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի մեջ և ցինիզմ` մեկնաբանություններում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում` բազմազանության և բազմակարծության, ժողովրդավարության և ազատության բնօրրանում, գոհունակության խոսք եմ հղում Ձեզ առ այն, որ այս տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհի տարբեր երկրներն ու ժողովուրդները նորովի համախմբվեցին ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարի շուրջ` հայտարարելով, որ միասնական են արդարության վերականգման և ճշմարտության հաղթանակի հարցերում: Նման համախմբման վառ օրինակ է նաև այս պահը` համերաշխությանն ուղղված միջկրոնական աղոթքով»,- ասել է ՀՀ Նախագահը:
Միջկրոնական աղոթքըմատուցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար գերաշնորհ դոկտոր օլաֆ Ֆիքս Թվեյթը: Եկեղեցական արարողությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և երախտագիտություն է առ Աստված՝ վերապրածների կյանքի և հետագա սերունդների վերածննդի համար:
Էկումենիկ արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Ներկա են եղել նաև այն անհատների ժառանգները, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ փախստականներին ցեղասպանության ընթացքում: