Միջազգային

Քրդական ուժերն ԻՊ-ի անօդաչու սարք են խոցել

2 րոպեի ընթերցում

Քրդական ուժերն ԻՊ-ի անօդաչու սարք են խոցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական փեշմերգա ուժերն Իրաքի տարածքում «Իսլամական պետության» անօդաչու թռչող սարք են խոցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, փեշմերգայի ներկայացուցիչները հաստատում են, որ անօդաչու սարքը խոցել են Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ քաղաքի մերձակայքում, սակայն կոնկրետ չեն նշում, թե երբ են ոչնչացրել այն:

Իրաքյան ուժերի շուրջ 200 զինվորներ շրջափակման մեջ են գտնվում ԻՊ-ի կողմից: Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների տվյալներով՝ նրանց հետ կապն ընդհատվել է արդեն ավելի քան 10 օր առաջ:

Արաբական աղբյուրի տեղեկացմամբ՝ այժմ Բայջի գործարանի 90 տոկոսը գտնվում է ԻՊ-ի ձեռքում: Մինչ այդ իրաքյան բանակը հերքել էր տեղեկությունը:

«Իսլամական պետությունն» Իրաքի հյուսիսում իր հարձակումները սկսել է 2013թ.-ի ամռանը և մինչև այժմ իր ձեռքում է պահում երկրի տարածքի մեկ երրորդը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում