ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը կենտրոնացնում է ուժերը՝ պատրաստվելով հակահարված տալ Իդլիբ քաղաքը գրաված ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակի ստորաբաժանումներին հաջողվել է զինյալներին վտարել Զիյարա գյուղից: Սիրիական բանակի ղեկավարներից մեկը նշել է, որ անհաջողություններից հետո սա առաջին հաջող արդյունքն է հյուսիս-արևմտյան ճակատում, ինչը ոգևորել է զինվորներին:
Սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ալ Մաստումա քաղաքի մայրուղու վրա, բացի դրանից, այն իր դիրքերը պահպանում է Արիհա քաղաքի մերձակայքում գտնվող բարձունքներում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով ավելի քան 60 ահաբեկիչներ են սպանվել Ջոզեֆ գյուղում:
Ավեի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը և ազգային պաշտպանական ջոկատներն ապրիլի 28-ին վերահսկողություն են հաստատել Հասաքեի մարզում գտնվող Դաուդիա գյուղի վրա:
Սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: Սիրիական բանակը դեռ շարունակում է պայքարել ահաբեկչական տասնյակ խմբավորումների դեմ՝ փորձելով վերականգնել երկրի կայունությունն ու անվտանգությունը: