2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, որպես կատարած աշխատանքի գնահատական, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից պարգևատրվել են մեդալով:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ֆեյբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էՀայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախագահ Ալեքսիս Գյովչյանը:«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և Փարիզի քաղաքապետի այս քայլը մեծ գնահատանք է»- գրել է Գովչյանը՝ շնորհավորելով Թորանյանին և Փափազյանին ու մաղթելով աշխատանքային հաջողություններ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ապրիլի 28-ին ծրագրված է «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցելու է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ այդպիսով ևս մեկ անգամ փաստելով իր հավատամրությունը հայ համայնքին և Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը: Ցուցահանդեսն այցելուներին կներկայացնի 1915-ի ողբերգական դեպքերի պատմությունը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ու Փարիզի քաղաքապետը մասնակցել են Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ին ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի՝ անջատվել էին նաև«Էյֆելյան» աշտարակի լույսերը: