Իրանահայ հեծանվորդները Ծիծեռնակաբերդ են հասցրել «Սասուն» մանապարտեզի սաների պաստառը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ չորս ուխտավորներ Ծիծեռնակաբերդ են հասցրել և հուշարձանի պատվանդանին տեղադրել «Սասուն» մանապարտեզի երեխաների պաստառն ու արած նկարները: Իրանահայերը մեքենայով հասել են մինչև Գորիս քաղաք, որից հետո քառօրյա հեծանվարշավով ուղևորվել Երևան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից: Հեծանվորդները նախ Թեհրանում մասնակցել են մանկապարտեզի հատուկ արարողությանը, պատասխանատուներից ստացել մանուկների արած նկարներն ու պաստառը և ապրիլի 19-ին ուղևորվել Երևան:
Գորիսից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր նրանց երթն արժանացել է անցորդների ու այցելուների մեծ ուշադրությանն ու գովասանքի խոսքերի: Խմբի անդամներ էին Հրայր Խաչատրայնը, Սևակ Ղարիբյանը, Հենրիկ Նազարյանը և Բարթուղ Ղարիբյանը, որոնց ավտոմեքենայով են ուղեկցել: Խմբի ղեկավար Հրայր Խաչատրայանը նշել է, որ յուրօրինակ ուխտագնացության գաղափարը հղացել է ամիսներ առաջ, գնել են առաջնակարգ հեծանիվներ և Թեհրանի շրջակայքում փորձեր կատարել, որպեսզի կարողանան հաղթահարել Հայաստանի լեռնային ճանապարհները: