Հասարակական

Արևմտյան Հայաստանը ազատելու կոչ. մարդիկ յուրովի են ոգեկոչում ցեղասպանության 100-րդ տարելիցը

2 րոպեի ընթերցում

Արևմտյան Հայաստանը ազատելու կոչ. մարդիկ յուրովի են ոգեկոչում ցեղասպանության 100-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդիկ յուրովի են ոգեկոչում: Չնայած անձրևին ու եղանակային անբարենպաստ պայմաններին` դեպի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում: Հայերի կողքին էր նաև արմատներով Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից Լեն Վիքսը: Նա կրում էր այս գրությամբ պաստառ. «Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջությունը չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ ասելու ձեզ, որ մենք մտածում ենք` չնայած մեր քաղաքական գործիչների ամոթալի քայլին»:

« Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լեն Վիքսը գիրք է գրել Հայաստանի մասին և ցանկանում է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել: Ի դեպ` Լեն Վիքսի կինը հայ է:

Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչ Գյուլնար Սահակյանն էլ իր ընտանիքի անդամների և ընկերների հետ Հայաստան է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Նրանք իրենց հետ բերել են «Ազատություն Արևմտյան Հայաստանին» կոչը, որով հանդես են գալիս նաև Բոստոնյան միջոցառումների ժամանակ: Գյուլնար Սահակյանի երկու կողմի տատիկ-պապիկներն իրենց մաշկի վրա են զգացել Հայոց ցեղասպանության դաժանությունը:

Տատիկներից մեկը թոռնուհուն տվել է այս պատգամը. «Թուրքը մեր հողը, տները վերցրել է, բայց մեր մարդկությունը չի կարողացել առնել, ուր կգնաք, նույն մարդկայնությամբ ու հպարտությամբ ապրեք»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում