Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը միանում է Ցեղասպանության տարելիցի ոգեկոչմանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը միանում է Ցեղասպանության տարելիցի ոգեկոչմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր՝ ապրիլի 24-ին, տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և աշխարհի այլ վայրերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին նշված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից այսօր` ապրիլի 24-ին տարածած հայտարարության մեջ:

«Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», - ընդգծել է գլխավոր քարտուղարը: «Ես կիսում եմ ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի երեխաների, թոռների և հետնորդների վիշտը»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը:

«Խիզախության և դիմակայության այս օրինակը պետք է մեզ համար ներշնչանք դառնա, քանի որ ինչպես ապագա սերունդները, այնպես էլ մենք ինքներս շատ ավելին կկորցնենք, եթե հարկադրված տեղի տանք այն մարտահրավերների չափերին, բազմազանությանը և բարդությանը, որոնց այսօր առերեսվում է աշխարհը»,- հայտարարել է նա:

Գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի աշնանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ 2015թ. հոկտեմբերի 30-ին և 31-ին:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012թ.-ից ի վեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում