ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 21-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 12 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, hրթիռներ են ընկել Բաբ ալ Ֆարրաջ թաղամասում, ինչի հետևանքով երկու զոհ և տասը վիրավոր է արձանագրվել:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը Հալեպից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մանսուրա գյուղում զինյալների մեքենաներ է ոչնչացրել: Կանխվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման մուտքը քաղաքի բնակելի թաղամասեր: Բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Զինայլների դեմ բախումներ են ընթացել նաև Հալեպի Թել Դաման գյուղում:
Ահաբեկչական խմբավորումների «որջեր» են ոչնչացվել Հին Հալեպում, Արբիդ, Ալ Ջադիդե, Կաստալ Հարամի, Բուսթան ալ Կասր, Ռաշիդին թաղամասերում:
Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով ինը մարդ է վիրավորվել: Երեք հրասանդներ ընկել են Հարասթա շրջանում, մի քանիսը՝ նաև Ալ Կաբուն շրջանում, ինչի հետևանքով ութ մարդ է վիրավորվել:
Բացի այդ, «Իսլամական պետության» ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել Սուեյդա մարզի Կասր գյուղում, ոչնչացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքերը:
Զինբված խմբավորումները լուրջ կորուստներ են կրել նաև Լաթաքիայի հյուսիսային գյուղերում:
Սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: