ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչությունում 2015թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում հաշվառվել է 330 հրդեհ` 116 593 627 դրամի նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել 4 մարդ: 2014թ.-ի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 505 հրդեհ` 195 891 402 դրամի նյութական վնասով, զոհվել էր 17 և վնասվածքներ ստացել 20 մարդ: Արդյունքում, հրդեհների քանակը նվազել է 175 դեպքով (34.65%), զոհերի թիվը 11-ով (64.7%), վնասվածք ստացածներինը՝ 16-ով (80%), իսկ նյութական վնասի գումարը՝ 79 297 775 դրամով (40.48%):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհների քանակը մնացել է նույնը Կոտայքի մարզում, աճել է Երևան քաղաքում, նվազել է մնացած բոլոր մարզերում: Հրդեհների 50.3%-ը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 22.42%-ը՝ բաց և խոտածածկ տարածքներում, 10.3%-ը՝ ավտոմեքենաներում, 3.03%-ը՝ առևտրի, հանրային սննդի ու սպասարկման օբյեկտներում, 1.52%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, իսկ 12.43%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում: Հրդեհների 67.27%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 32.73%-ը` գյուղական բնակավայրերում:
Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 10-ը խոշոր են եղել (նախորդ տարի` 9), որոնց հետևանքով պատճառված նյութական վնասի գումարը կազմել է 69 250 524 դրամ, որն ընդհանուր նյութական վնասի 59.39%-ն է:
Զոհերով հրդեհների առաջացման պատճառներն են ծխելու ժամանակ ցուցաբերվող անզգուշությունը, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը և ինքնահրկիզումը: Զոհերի (որոնցից 3-ը տարեցներ են եղել) գերակշիռ մասը՝ 4-ը, արձանագրվել է բնակելի հատվածում:
Դատաքննչական մարմիններ է ուղարկվել հրդեհի վերաբերյալ 40 նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 11 դեպքերում: Տեսչության տարածքային մարմինների կողմից կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին 143 որոշումներ, որոնց օրինականությունը ստուգվել է համապատասխան տարածաշրջանի դատախազությունների կողմից: