Միջազգային

Քրդական ուժերը երկու գյուղ են ազատագրել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

Քրդական ուժերը երկու գյուղ են ազատագրել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ուժերն ապրիլի 13-ին հսկողություն են հաստատել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի երկու գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցներն, ազատագրվել են Քուջաք Մաթի ալ Ֆուկանի և Թահթանի գյուղերը, որոնք գտնվում են Քոբանիի արևելյան հատվածում:

Սիրիական բանակն Իդլիբ քաղաքում ոչնչացրել է «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման «որջերը», ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Իդլիբ քաղաքից 7 կմ հեռավորության վրա ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր են ոչնչացվել:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ Իդիբի մերձակայքում գտնվող Քուրին գյուղում 20 ահաբեկիչներ են սպանվել:

Շուրջ 60 ահաբեկիչներ սպանվել են Հալեպի Բաբ ալ Հադիդ թաղամասում, ոչնչացվել են նրանց թաքստոցները: Այնտեղից ահաբեկիչները ռումբեր են նետում հարևան բնակելի թաղամասերի ուղղությամբ: Եվս 17 ահաբեկիչներ սպանվել Շեյխ Խադար թաղամասում:

Ապրիլի 11-ին ահաբեկչական խմբավորումները մեծ թվով ռումբեր են արձակել Հալեպի Սումեյմանիե, Շեյհան, Սալահ ադ Դին բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով 19 խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում՝ հինգ երեխաներ, ինը կանայք, վիրավորվել է ավելի քան 90 մարդ, որոնց թվում՝ կանայք ու երեխաներ:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում