ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` սիրիական բանակն ապրիլի 3-ին Հոմսի մարզի գյուղերում ահաբեկչական խմբավորումների թաքստոցներ է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումներն ընթացել են Ռաջիմ ալ Կասր, Ռաջիմ ալ Ալի, Ռասթան, Ալ Շամալիա, Ալ Մշերֆա բնակավայրերում, որտեղ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Կունեյտրայի մարզի Մասհարա և Ռասմ ալ Խաուալիդ գյուղերում նույնպես ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել:
Բախումները զինված ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակվել են նաև Դարաայի մարզում: Շեյխ Միսքին, Անխել գյուղաքաղաքներում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:
Դամասկոսի մերձակայքում գտնվող Բեյս Սահմ, Յալդա և Բիբլա գյուղաքաղաքների հարյուրավոր բնակիչներ հանրահավաք են կազմակերպվել «Ջաբհա ան Նուսրա» և «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն հսկողություն է հաստատել Դամասկոսի «Յարմուք» պաղեստինցի փախստականների ճամբարի վրա՝ կոչ անելով պաղեստինյան ուժերին վայր դնել զենքը և հանձնվել: Հարյուրավոր փախստականներ ստիպված հեռացել են ավելի ապահով վայրեր:
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, «Իսլամական պետությունը» ներխուժել էր Դամասկոսի մերձակայքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբար՝ սկսելով ավերել ու թալանել շինությունները: Ահաբեկիչներն այնտեղ մուտք են գործել Հաջր ալ Ասուադ շրջանից: