Ղարաբաղյան հիմնահարց

Հակառակորդի կողմն անցած զինծառայողի գործով նախաքննությունը շարունակվում է

3 րոպեի ընթերցում

Հակառակորդի կողմն անցած զինծառայողի գործով նախաքննությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողի` հակառակորդի կողմն անցնելու պատճառներն ուսումնասիրվում են, իսկ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութը ռեժիսուրայի ժանրից էր: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Մենք արդեն հաղորդագրությունը տարածել ենք, որ այդ զինծառայողը, մարտական դիրքում թողնելով իր հանդերձանքն ու զենքը անցել է հակառակորդի կողմը: Պատճառներն այժմ ուսումնասիրվում են, իսկ ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութը ռեժիսուրայի ժանրից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Փոխնախարարը խորհրդարանում զրուցեց նաև լրագրողների հետ: Նա ընդգծեց, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ ներկայացնել, թե ինչո՞ւ է հայ զինծառայողն անցել հակառակորդի կողմը, քանի որ պատճառները դեռևս ուսումնասիրվում են: Անդրադառնալով խոսակցություններին, թե այդ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել՝ Նազարյանն ընդգծեց, որ հստակ որևէ բան չի կարող ասել, քանի դեռ հարուցված քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել: «Ես ձեզ խնդրում եմ, նույն հարցերն ինձ անընդհատ մի ուղղեք, որովհետև հիմա ոչինչ չեմ կարող ասել: Ես չեմ կարող այս պահին անպատասխանատու հայտարարություններ անել, քանի որ գործի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշեց Նազարյանը:

Նա նաև հայտնեց, որ դեպքի մասին ՀՀ ՊՆ-ն տեղյակ է պահել բոլոր պատկան մարմիններին և միջազգային կառույցներին:

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեսանյութեր, որոնցում հայ զինծառայողը պատմում է, թե ինչու է անցել հակառակորդի կողմ: Նա խոսում է նաև մեկ այլ զինծառայողի` Մկրտումյանի մասին, ով ևս ցանկացել է հատել սահմանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում