Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ակտիվությունը երկու ամսում աճել է 2,5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսական ակտիվությունը երկու ամսում աճել է 2,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար-փետրվարին 2,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները:

Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0,8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հունվար-փետրվարի ցուցանիշը 16,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2014թ. հունվար-փետրվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 4,6 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 3,6 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունը նվազել է 6,9 տոկոսով և կազմել 269 մլրդ 853.7 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 179 միլիարդ 298.7 միլիոն դրամ, 1,8 տոկոսով նվազել է 2014թ. հունվար-փետրվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11 տոկոսով (173 հազար 833 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-փետրվարի համեմատ նվազել են 27,7 տոկոսով (100.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 25,2 տոկոսով (163.1 մլն դոլար), իսկ ներմուծումը` 28,6 տոկոսով (429.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվարին եղել է 477.06:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 2015թ. հունվար-փետրվարի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն`պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում