Փաշինյանի դիտարկմամբ՝ ստանդարտների հետ կապված աշխատանքային հարցեր ԵԱՏՄ բոլոր երկրների միջև լինում են
3 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների միջև էլ ֆիտոսանիտարաիայի, ստանդարտների ու վերարտահանումների հետ կապված խնդիրների շուրջ հարցեր անընդհատ առաջանում և քննարկվում են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ քվեարկելուց հետո հայ և օտարերկրյա լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից որոշ հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների հարցին։
«Ամեն անգամ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, Միջկառավարական խորհրդի նիստում օրակարգում մենք տասնյակ հարցեր ենք քննարկում, որոնք կապված են ֆիտոսանիտարական հարցերի, ստանդարտների, արտահանումների, վերաարտահանումների, ապրանքների ծագման խնդիրների հետ։ ԵԱՏՄ բոլոր երկրներն էլ շահագրգռված են ու անհանգստացած, որ չլինի այնպես, որ երրորդ երկրների ապրանքներ ներկրվեն, դառնան ԵԱՏՄ ապրանք և վերաարտահանվեն ԵԱՏՄ ուրիշ երկիր»,-ասել է Փաշինյանը։
Նման խնդիրներ անընդհատ են առաջանում, սակայն ներկայում դրա շուրջ լայն բարձրաձայնումը, ըստ նրա, պայմանավորված է Հայաստանում գործող որոշ ուժերի հետաքրքրությամբ։
Նախընտրական շրջանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կրկին ակտիվ քննարկումների առարկա են դարձել՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի մասնակցության, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Մոսկվայից հնչող հայտարարությունների համատեքստում։
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որով անհրաժեշտ էին համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ Եվրամիության ուղղությամբ շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի այդ որոշման տնտեսական հետևանքները։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է բաց և անկեղծ ներկայացնեն քաղաքացիներին ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ԵԱՏՄ-ին առնչվող հնարավորություններն ու ռիսկերը և համապատասխան որոշում կայացնեն։
Վարչապետ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։
Այդ համատեքստում Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից մի շարք պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներմուծումը՝ որոշումը հիմնավորելով ֆիտոսանիտարական խախտումներով։