Քաղաքականություն

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը, որը կազմակերպվել էր կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց խմբակցության ու Գենդերային հարցերով պատասխանատուների ցանցի կողմից` COP17-ի ՀՀ նախագահության հետ համատեղ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում նշել է, որ COP17-ի ՀՀ նախագահության հանձնառությունն ի սկզբանե եղել է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝  կանանց, երիտասարդների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ակադեմիական շրջանակների և այլ խմբերի ներառական և բովանդակային մասնակցության ապահովումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քննարկումներում և որոշումների կայացման գործընթացներում։

Անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության պահպանման, ավանդական գիտելիքի ու մշակույթի փոխանցման գործում կանանց կարևոր դերին, ինչպես նաև ոլորտում կանանց իրավահավասարության հետ կապված գլոբալ մարտահրավերներին։ 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության կառավարման ոլորտում կանանց մասնակցության ու առաջնորդության ապահովման անհրաժեշտությունը և կարևորել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23-րդ թիրախի և Գենդերային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը։

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև միջազգային համագործակցության ամրապնդման, լավագույն փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նշանակությունը՝ կենսաբազմազանության պահպանման քաղաքականություններում գենդերային հավասարության ապահովման և կանանց մասնակցության ընդլայնման համատեքստում:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում