Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արձանագրությունները հետ կանչելը ազդեցիկ քայլ է. քաղաքագետ (լրացված)

6 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արձանագրությունները հետ կանչելը ազդեցիկ քայլ է. քաղաքագետ (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու ժամանակի ընտրությունը ճիշտ է հաշվարկված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին քաղաքագետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրություները։ Թուրքիայի հետ չստացված հարաբերությունների այս էջն էլ համարենք փակված։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բավական երկար այս հարցը պահեց օրակարգում, աճեցրեց, ուռցրեց և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի երեսով տվեց։ Վստահ եմ` այս քայլն ազդեցիկ կլինի Թուրքիայի մերժողականության և նախապայմաններով լի քաղաքականությունը միջազգային հանրության աչքերում մերկացնելու տեսակետից։ Դե հիմա տեսնենք, թե «աշխարհիս ուժեղների» միջնորդությունն ու ջանքերը ջուրը քցած Թուրքիան ինչ հարվածներ կուտի միջազգային հանրությունից և համաշխարհային մամուլից»,-գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանիփոխանցմամբ, դեռեւս 2009թ. հայկական կողմը քննարկում էր ծրագիր, որ եթե թուրքական կողմը շարունակի ժխտողականության քաղաքականությունը, ապա Հայաստանը հետ կկանչի հայ-թուրքական արձանագրությունները:«Այս քայլն ի սկզբանե ծրագրված է եղել: Դեռեւս 2009թ. կար նման ծրագիր, որ եթե թուրքական կողմը շարունակելու է մանուպլյացիոն, ժխտողականության քաղաքականությունը եւ սեփական շահերի համար պետք է օգտագործի արձանագրությունները, ապա հայկական կողմն ունի սցենար` կասեցնելու այդ գործողությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ վերջին 6 տարիներն ապացուցեցին, որ Հայաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումն ու վերաբերմունքը չի փոխվել, եւ հարեւան պետությունը ոչինչ չի ձեռնարկել սառած հարաբերություններին շունչ հաղորդելու համար: Այս համատեքստում Դեմոյանը դրական է գնահատում արձանագրությունների հետկանչի մասին ՀՀ Նախագահի նամակը ՀՀ ԱԺ նախագահին:

Դեմոյանը շեշտում է, որ արձանագրությունների հետկանչի մասին հայտարարությունը Ծիծեռնակաբերդում հրապարակված Համահայկական հռչակագրի շարունակությունն է եւ բխում է հռչակագրի սկզբունքներից եւ դրույթներից: «Շատերը շտապեցին քննադատաբար մոտենալ այն հանգամանքին, որ Համահայկական հռչակագիրը իբր իր ոգով չի համապատասխանում արձանագրություններին, սակայն պետք էր մի փոքր համբերություն ունենալ: Նման բովանդակությամբ Հռչակագրի հրապարակման հաջորդ քայլը սա էր լինելու: Որոշ մարդիկ շտապեցին, որ մի պակաս բան գտնեն Հռչակագրում: Շուտով նրանք էլ կհանգստանան»,- ասաց Դեմոյանը` հավելելով, որ չի կիսում փորձագետների մտահոգությունն առ այն, որ արձանագրությունների հետկանչի աղմուկը կարող է միջազգային հանրության ուշադրությունը թեքել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեր հիմնական պահանջից:

«Ճիշտ հակառակը: Արձանագրությունների հետկանչը տրամաբանորեն տեղավորվում է 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարին եւ ոգուն: Մենք չենք կարող Թուրքիայի այսօրվա դիրքորոշման պարագայում ունենալ առկախված արձանագրություններ եւ միաժամանակ գնալ ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը»,- շեշտեց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ կցանկանար, որ վերջնական որոշումը կայացվեր մարտի 16-ին:

«Ինչո՞ւ հենց այդ օրը» հարցին, Դեմոյանը պատասխանեց. «Թող ընթերցողները կռահեն»:

Փետրվարի 16-ինՆախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սահակյան,

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում