Մշակույթ

Շառլ Ազնավուրը պատմել է իր ծնողների և անցյալի մասին

3 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը պատմել է իր ծնողների և անցյալի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը լի է նախագծերով, երազանքներով և կրքով: 90-ամյակը բոլորած երգիչը հեռու է թոշակի անցնելուց, գրում է ֆրանսիական La Provence-ը: Լրատվամիջոցը հարցազրույց է անցկացրել անվանի արտիստի հետ, խոսել նրա ծնողների, Հայաստանի և Ֆրանսիայի նկատմամբ սիրո մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ laprovence.com-ը նշում է, որ Ազնավուրը հայկական արմատներով աշխարհի ամենահայտնի արվեստագետներից է: Նա կոմպոզիտոր է, երգիչ, դերասան, բազմաթիվ գործերի հեղինակ:

La Provence-ն ընդգծում է, որ Ազնավուրի մասին ֆիլմեր են նկարահանվում, որոնցից մեկը ապրիլի 25-ին կներկայացվի Մարսելում՝ Ֆրանս-հայկական գրքի փառատոնին:

Լրատվամիջոցի հետ զրույցում Ազնավուրը պատմել է, թե ինչպես են իր ծնողները Հունաստանից հասել Ֆրանսիա: Նա նշել է, որ իր հայրը ունեցել է Ռուսաստանի անձնագիր, որը օգնել է նրան նստել իտալական նավ, և ինչպես այդ տարածքի բոլոր փախստականները, նրանք գնացել են Սալոնիկ: Ազնավուրը հավելել է, որ իր ծնողները սիրել են Ֆրանսիան:

«Իմ հայրը սկզբում ապրուստ էր վաստակում` երգելով ներգաղթյալների համար: Նա երգում էր հայերեն, ռուսերեն, եբրայերեն: Իհարկե, իմ ծնողները չեն ստիպել մեզ հայկական ավանդույթներ պահպանել և չեն էլ փորձել խոչընդոտել»,- նշել է նա: Ազնավուրը պատմել է, որ իր ծնողները «նանսենյան» անձնագրեր են ունեցել, ինչպես նաև խոսել Մանուշյանի հետ ընկերության մասին:

«Ես ավելի լավ իմացա Հայաստանը, երբ այն դժվարություններ ուներ, և ես մի անգամ մտածեցի. «Ես հնարավորություններ ունեմ, ես կարող եմ մի բան անել իմ հայրենիքի համար»: Մարդիկ ինձ ասում էին. «Օ՜, դու վերադարձել ես տուն», և ես պատասխանում էի. «Իմ երկիրը Ֆրանսիան է»,-նշել է երգիչը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում