Միջազգային

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը քննարկել է Հալեպում հրադադարի հաստատման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը քննարկել է Հալեպում հրադադարի հաստատման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը փետրվարի 10-ին ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քննարկումները ծավալվել են նոր գաղափարների շուրջ, որոնք առաջարկում է դե Միստուրան Հալեպում կրակը դադարեցնելու վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա էր Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ստեֆան դե Միստուրան ժամանել է Դամասկոս՝ հանդիպումներ ունենալու սիրիացի պաշտոնյաների հետ:

Ստեֆան դե Միստուրան բարձր է գնահատել Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև հունվարի 26-ից 29-ը տեղի ունեցած հանդիպումները:

ՄԱԿ-ի բանագնացը նախորդ ամիսների ընթացքում Սիրիա կատարած այցելության ժամանակ առաջարկել էր դադարեցնել կրակը Հալեպում: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադն առաջարկը համարել է լուրջ նախաձեռնություն, որն անհրաժշետ է ուսումնասիրել:

Մոսկվայում կայացած հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում