Գերմանահայերը մտադիր են խնդրագիր հանձնել կանցլերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանահայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ծրագրում են Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիա անցկացնել և երթ կազմակերպել դեպի Գերմանիայի կանցլերի նստավայր՝ խնդրագիր հանձնելու նպատակով: Բեռլինում աշխատող «Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը» (ՑՃԱԽ) այլ միջոցառումներ ևս ծրագրել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը: «Միջոցառումները տեղի կունենան տարբեր քաղաքներում: Փետրվարի 11-ից մինչև մայիսի 28-ը Ֆրանկֆուրտի «Աննա Ֆրանկ» կրթական հիմնարկում կգործի Ցեղասպանության լուսանկարների ցուցահանդես, դասախոսություն կկարդա գերմանացի գիտնական, հայագետ Թեսա Հոֆմանը: Ապրիլի 11-ին Բեռլինի Հայ եկեղեցական միության հետ միասին կընթերցվեն նահատակ գրողների թարգմանությունները: Արդեն ապրիլի 18-ին ՑՃԱԽ-ը հուշապահակ կկազմակերպի թուրքական դեսպանության դիմաց, ինչպես նաև երթ` դեպի կանցլերի նստավար` հանձնելու խնդրագիր: Ապրիլի 24-ին Բեռլինի կենտրոնի Մառիեն եկեղեցում երկու դասախոսություն կընթերցվի: Արարողությունները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում»,- մանրամասնեց Քոչարյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամի խոսքով՝ Գերմանիայում շուրջ չորս միլիոն թուրքական համայնքի առկայությունը, որի մի մասն այս պահին Գերմանիայի քաղաքացիներ են, երկրի քաղաքական-տնտեսական շահերը և ՆԱՏՕ-ում Թուրքիայի հետ դաշնակից լինելը պատճառ են դառնում Հայոց ցեղասպանության առնչությամբ գերմանական կողմի դիրքորոշման հարցում: Նա հիշեցնում է, որ 2005թ. Բունդեսթագի որոշման մեջ էլ բացակայում էին «ցեղասպանություն» (Genocide) և «բռնատեղահանում» (Deportation) եզրերը՝ պատճառաբանելով, որ 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» որոշումը Գերմանիան ստորագրել է 1955թ. փետրվարի 22-ին և դա չունի հետադարձ ուժ: «Իհարկե, սա միայն պատրվակ է, հակառակ պարագայում այս օրենքը պետք է տարածվեր նաև Հոլոքոստի վրա»,- ընդգծեց Քոչարյանը: Նրա գնահատմամբ՝ Գերմանիան փախչում է իր կայսերական մեղսակցության պատասխանատվությունից՝ որպես սուլթանական Թուրքիայի դաշնակից Առաջին համաշխարհային պատերազմում:

Քոչարյանը ցավով է փաստում, որ, ի տարբերություն, օրինակ, Ֆրանսիայի, Գերմանիայի հայկական համայնքն աննշան է և չունի քաղաքական կշիռ: Ամեն դեպքում, Գերմանիայի «Ապրիլի 24-ի հանձնախումբը», որը բաղկացած է Եկեղեցական, Գերմանա-հայկական ընկերության և Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից, որոշ քայլեր ձեռնարկում է այդ երկրի տարբեր բնակավայրերում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու հարցում: «Հստակ է, որ Ֆրանկֆուրտի Փաուլս եկեղեցում տեղի է ունենալու միակ և կենտրոնական միջոցառումը: Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի Բեռլինում աշխատող Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբին երեք ժողովուրդների (հայ, ասորի և հույն) միասնական հուշահամալիրի բացումը Բեռլինի Շառլոտենբուրգի պանթեոնում», -նշում է Ժիրայր Քոչարյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա