Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳՆ օրացույցում հայտնված Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը հասել է մեջլիս

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ օրացույցում հայտնված Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը հասել է մեջլիս

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ԱԳՆ կազմած օրացույցում Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարի հայտնվելու հարցն առաջ է քաշել թուրքական մեջլիսում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, կուսակցության Ստամբուլի պատգամավոր Օսման Քորութուրքը արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուից պահանջել է պարզաբանել, թե արդյոք լուսանկարը ապրիլի 24-ին ընդառաջ տարվող թուրքական նախապատրաստական աշխատանքների և ռազմավարության մա՞սն է կազմում:

Քորութուրքը փորձել է տեղեկանալ նաև, թե Թուրքիայի ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ապրիլի 24-ին Հայաստանի և հայկական սփյուռքի աշխատանքներին դիմակայելու համար: Ընդդիմադիր պատգամավորը ցանկացել է պարզել, թե հնարավո՞ր են արդյոք օրացույցում հայտնված լուսանկարի նման այլ «անակնկալներ»:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հրապարակել և սկսել էին տարածել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական օրացույցի մի ուշագրավ լուսանկար: Ապրիլ ամսվա էջում այլ լուսանկարների կողքին տեղադրված էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատկերող լուսանկարը հայտնվել Չանաքքալեի ճակատամարտին նվիրված օրացույցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում