ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կառավարական պատվիրակությունը պահանջել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված սիրիացի զինվորականների և քաղաքացիների հիշատակը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաաֆարին` նշելով, որ կառուցողական հանդիպումը չպետք է լինի քարոզչական, այլ պետք է լրջորեն արտացոլի հանդիպման նպատակները: Նա նաև ավելացրել է, որ սիրիական ճգնաժամի սկզբից Սիրիայի կառավարությունը բաց համագործակցել է արաբական և միջազգային նախաձեռնողների հետ: «Արտաքին միջամտությունը Սիրիայի ներքին գործերին հանգեցրել է հակամարտության խորացմանը և ահաբեկչության տարածմանը խաղաղ բնակչության նկատմամբ»,- նշել է սիրիական պատվիրակության ղեկավարը:
Ալ Ջաաֆարին ընդգծել է, որ սիրիական պատվիրակությունը մասնակցում է հանդիպմանը գաղափարներով և հայացքներով փոխանակվելու համար, որոնք հնարավոր հիմք կարող են հանդիսանալ միջսիրիական բանակցությունների համար:
Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախօերին ընդդիմության ներկայացուցիչների միջև տարաձայնություններ են եղել տարբեր հարցերի շուրջ:
Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար, որն ընդհատվել էր մեկ տարի առաջ: Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը: Ստամբուլում ձևավորված Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամները, այդ թվում նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին: