Մշակույթ

Վլադիմիր Սպիվակովը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված փառատոն կանցկացնի Երևանում

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Սպիվակովը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված փառատոն կանցկացնի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլին կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից, փառատոնի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվի երեք համերգ՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Նվագախումբը կղեկավարի Վլադիմիր Սպիվակովը:

Համերգները տեղի կունենան ապրիլի 14-16-ը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգային ծրագրում ընդգրկված են Գ.Մալերի «Երգեր մահացած երեխաների մասին» ստեղծագործությունը՝ Ֆ. Ռյուկերտի ստեղծագործությունների հիման վրա, Մոցարտի «Ռեքվիեմը», «համաշխարհային օպերային «Խելագարության տեսարանները»», «Չապլինի ժամը»: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանոներ Աննա Ագլատովան և Ալբինա Շագիմուրատովան, տենոր Ալեքսեյ Նեկլյուդովը, բաս-բարիտոն Մատիաս Գյորնեն:

Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ, որտեղ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում: 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում,որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային: 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորյայի Յուրա Յանկելևիչի դասարանում: Որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից: Ամուսնացած է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր` Սաթի Սահակյանցի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում