ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հակառակորդի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամ զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունը:
Զոհված հերոսների հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Լրագրողների հետ զրույցում ԼՂՀ ՊԲ N զորամասի շտաբի պետի տեղակալ Վաչագան Ստեփանյանը նշեց, որ ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանին ճանաչում է արդեն 21 տարի: «Միասին ծառայել ենք: Հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Սարգիս Ղազարյանը զորամասում ծառայում էր 3 տարուց ավելի: Նա օդաչու չէր, սակայն անձնակազմի անդամ էր: Ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտել էր կարմիր դիպլոմով, ուներ մեծ գիտելիքներ: Նրան նույնիսկ ասռաջարկել էին դասավանդել ռազմական ավիոցիոն ինստիտուտում, սակայն հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր իր աշխատանքը և դա իր տարերքն էր: Սահակյան Ազատը մեր զորամասում ծառայել էր շուրջ մեկ տարի: Նրա երազանքն էր զորավարժություններին մասնակցելը և հատկապես Արցախում: Նրա երազանքն իրականացավ, սակայն ցավալի ավարտ ունեցավ նրա համար»,- նշեց Ստեփանյանը:
Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ջոկատների իրականացրած հատուկ գործողությանը, որի արդյունքում վերադարձվել են ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամներից մեկի դիակը, մյուսների մասունքները, ինչպես նաև ուղղաթիռի որոշ սարքեր, Ստեփանյանն ընդգծեց, որ հատուկ գործողությունը կատարվել է բարձր մակարդակով: «Նման գործողությունների արդյունքում, սովորաբար, իրականացնող կողմը տալիս է ավելի շատ կորուստներ, սակայն մեր տղաներն այդ գործողությունը կատարեցին առանց կորուստների: Բոլորս խոնարհվում ենք նրանց առջև»,- ընդգծեց նա:
ԼՂՀ ՊԲ N զորամասի տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի ղեկապետ, մայոր Գոռ Ղազարյանը, նշեց, որ խոցված ուղղաթիռի անձնակազմի բոլոր անդամներին ճանաչել է անձամբ: «Շատ դժվար է ինչ-որ բան ասել: Սակայն այս դժվարությունները նրա համար են, որ մենք հաղթահարենք դրանք: Սահակյան Սերգեյի հետ ծառայել եմ 19 տարի, միասին կիսել ենք ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախություննռրը: Շատ ծանր է խոսել Ազատի ու Սարգիսի մասին: Երկուսն էլ երիտասարդ, կարգապահ ու բանիմաց սպաներ էին, ու դժվար թե անկարգ սպաների վրա դրվեր նման առաջադրանք: Առանձնապես սպասելու այլ բան էլ չկա Սաֆարովի նման ստահակներին հերոսացնող պետությունից: Նրանք մեկ անգամ չէ, որ ցույց են տվել իրենց դեմքը: Բայց ես անձամբ մեր զորամասի անունից տղերքին խոսք եմ տալիս, որ տեր ենք լինելու իրենց բաժին երկնակամարին: Հեյդարի թոռնիկներն էլ թող իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում, հատուցումն էլ այն բաժինն է, որն իրենք ստանալու են շատ սառը: Սա այն պատերազմն է, այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն ու միայն մեր հաղթանակով»,- եզրափակեց Ղազարյանը:
Սուրբ Սարգիս եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ անցկացվեց հոգեհանգստյան արարողակարգ:
Նոյեմբերի 25-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14:00-ին տեղի կունենասգո միտինգ և հուղարկավորություն զինվորական արարողակարգով: